Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ որոշման մեջ ձերբակալման հիմքն է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: «Ինչո՞վ է խախտել՝ նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ լրացվել է մեղադրանքը»,- նշել էր փաստաբանը:
Հակակոռուպցիոն դատարանի հունիսի 16-ի որոշմամբ Արմեն Աշոտյանը կալանավորվեց։ Փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյանը քաղբանտարկյալ է։
Պարզաբանում էր տարածել նաև Քննչական կոմիտեն՝ նշելով, որ 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում։
Խափանման միջոցի վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունում նշվում է․ «Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:
Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները:
15.06.2023թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով/խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ»։
Բացի այս, ՔԿ-ն նաև տեսանյութ էր հրապարակել որտեղ «գաղտնի քննչական գործողության արդյունքներ» էր ներկայացրել։
1․ Ձայնագրությունը
Ձայնագրության հետազոտությունից երևում է, որ դրանում ձայնագրառված անձինք հայտնում են ընդհանրական բնույթի տեղեկություններ, որոնք ողջամտորեն չեն կապակցվում միմյանց հետ։ Ավելին, ՔԿ-ից չեն հստակեցնում թե ինչ կարգավիճակ ունեն ձայնագրության մեջ խոսող անձինք, և չի հիմնավորում, թե ինչ անմիջական կապի մեջ են գտնվում Արմեն Աշոտյանի հետ։ Այլ կերպ, չի հասկացվում, թե ինչպիսի կարգավիճակ են ունեցել նշված անձինք քրեական վարույթով, որոշակիացնելու համար նրանց կապը քրեական վարույթի և Արմեն Աշոտյանի ունեցած ազդեցությունը նրանց նկատմամբ։
2․ Արմեն Աշոտյանի ազդեցությունը` փաստաբանների ներգրավման հարցում
Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել․ «Տարածված ձայնագրության մեջ երկու անձինք խոսում են Ա.Աշոտյանի մասին և նշում նրա հետ հանդիպելու մասին: Այդ ձայնագրությունից բացի կալանքի միջնորդության քննարկումից առաջ պաշտպանության կողմին տրամադրվել է նաև ձայնագրության սղագրումը, որն ավելի ծավալուն է, քան հրապարակվածը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ անձանց խոսակցությունից հետևում է միայն այն, որ ոչ թե Արմեն Աշոտյանն է նրանց վրա ճնշում գործադրել, այլ նրանք են փորձել ճնշում գործադրել: Այդ անձինք այդ ձայնագրության շուրջ չեն հարցաքննվել, բնականաբար չեն առերեսվել Ա.Աշոտյանի հետ: Ավելին՝ գործով անցնող անձանց ցուցմունքներում այդ հանդիպումից հետո էական տարբերություն չկա, կամ էլ, եթե առկա է, ապա պաշտպանության կողմին և դատարանին չի ներկայացվել»:
Փաստաբանի վարքագծի կանոնների ուսումնասիրությունից հետևում է, որ շահերի բախումը՝ փաստաբանի երկու կամ ավելի վստահորդների մասնավոր շահերի կամ վստահորդի մասնավոր շահերի և փաստաբանի մասնավոր շահերի իրական կամ ողջամտորեն հավանական անհամատեղելիությունն է: Շահերի բախումն ընդգրկում է, սակայն, չի սահմանափակվում հետևյալ դեպքերով՝
ա. փաստաբանի կողմից իր վստահորդի շահերի ներկայացումն ուղղակիորեն վնասում է փաստաբանի այլ վստահորդի շահերին.
բ. առկա է անմիջական ռիսկ, որ փաստաբանի կողմից իր մեկ կամ մի քանի վստահորդների շահերի պաշտպանությունն էապես կսահմանափակի իր այլ վստահորդի նկատմամբ փաստաբանի պարտականությունների կատարումը։
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ նույն վարույթի շրջանակներում փաստաբանը կարող է ներկայացնել միայն մեկ անձի (ունենալ միայն մեկ վստահորդ), բացառությամբ երկու կամ ավելի մեղադրյալներ առանձին պաշտպաններով ներկայացվելու հնարավորությունից կամավոր, գիտակցաբար և գրավոր հրաժարվելու կամ մեկից ավելի տուժողներ կամ վկաներ ներկայացնելու դեպքերի:
Վերոգրյալի հիման վրա, պարզ է դառնում, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պարագայում ողջամտորեն չի հիմնավորվում, թե ինչպես էր Արմեն Աշոտյանն ազդեցություն ունենալու փաստաբանների ներգրավման հարցում։ Ընդ որում, եթե նույնիսկ ներգրավված լինել այդ գործընթացում, ապա միևնույնն է օրենքի տեքստից միանշանակ չէ, թե արդյոք դա ուղղակիորեն կարող էր հակասել օրենքի պահանջներին՝ հաշվի առնելով, որ օրենքը փաստաբանի՝ քրեական վարույթին մասնակցելու հնարավորությունից բացառելու հիմքերից բացառություն է նախատեսել նույն վարույթով վկաներին ներկայացնելու հանգամանքը։
Ուստի, պետք է եզրահանգել, որ նման պայմաններում միանշանակ շահերի բախման մասին պնդումը հիմնավոր չէ։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել։
«Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:
Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»,-գրել է Արամ Վարդևանյանը։
Արմեն Աշոտյանի պաշտոնը հունիսի 22-ին նշել է, որ պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը:
«Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին»:
Արմեն Աշոտյանի կալանավորման հետ կապված ևս մի թեմա է քննարկման առարկա դարձել՝ թե ինչու՞ է նա կալանքը կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ, օրինակ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ ինչպես շատ այլ պաշտոնատար անձիք։
Հարկ է նշել, որ ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայրերում անջատ պահելը սահմանված է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, որի համաձայն՝ կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
– տղամարդիկ` կանանցից.
– անչափահասները` չափահասներից.
– առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանցից.
– դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից.
– շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք` մյուսներից.
– դատապարտյալները և ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
– միևնույն քրեական վարույթում ներգրավված կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարականի հիման վրա.
– այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուսներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
– օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից:
Այսինքն՝ ներկա կամ նախկին մի շարք պաշտոններ զբաղեցրած անձանց համար պարտադիր պահանջ չկա։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: