ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Որոշման մեջ ձերբակալման հիմքն է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչո՞վ է խախտել՝ նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ լրացվել է մեղադրանքը»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով մի հոդված է ավելացվել՝ վատնման կազմակերպում։
«Այն պարզապես ծիծաղելի է»,-ասաց Աթանեսյանը՝ խոսելով մեղադրանքի մասին։
Փաստաբանը նաև նշեց, որ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Քննչական կոմիտեի պարզաբանմամբ՝ Արմեն Աշոտյանը խափանման միջոցի պայմանները խախտել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում: