Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանի հունիսի 16-ին որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավերվել է։


Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել