Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 25-ին տեղի ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատալսումները։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստերի քարտուղարը նիստի սկզբում հայտնեց, որ դատարանը մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանից դիմում է ստացել, որում նշվում է, որ վերջինս վատառողջ լինելու պատճառով չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստի և խնդրել է իր բացակայությունը հարգելի համարել։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ մեղադրյալի բացակայության պայմաններում գործիք քննությունը չի կարող շարունակվել։
Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին։