Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի և Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը նիստի սկզբում հայտարարեց, որ ԶԼՄ-ների կողմից նիստն ուղիղ հեռարձակելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ ստացված բանավոր դիմումները կքննարկվեն պատասխանողների ներկայացուցիչների, դատախազի նույնականացումից և լիազորագրերի տվյալները ճշտելուց հետո։
Այդ ընթացքում Արա Կոստանյանի ներկայացուցիչներից մեկին՝ Սմբատ Մինասյանին թույլ չտվեց ներկայացուցչություն իրականացնել։ Փաստաբանի ներկայացրած լիազորագրում նշվում էր, որ վերջինս կարող է ներկայացուցչություն իրականացնել բոլոր դատական ատյաններում, այդ թվում՝ առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ։ Լիլի Դրմեյանի կարծիքով՝ լիազորագրում մասնագիտացված դատարանների վերաբերյալ պետք է հատուկ նշվեր։
Ըստ Սմբատ Մինասյանի՝ լիազորագրում նշված է «այդ թվում», ոչ թե «ներառյալ»․ ««Այդ թվումը» չի նշանակում մասնավորեցում»։
Դատավորը հայտարարեց, որ այդ մասին կարծիք կարող էր հայտնել միայն Արա Կոստանյանը ու նշեր, թե ինչ է նկատի ունեցել լիազորագիրը տալով․ «Դատարանի գնահատմամբ՝ այս լիազորագրով Դուք Հակակոռուպցիոն դատարանում Արա Կոստանյանի շահերը ներկայացնելու լիազորություն, այս պահի դրությամբ, չունեք»։
Փաստաբանն ասաց, որ հաջորդ նիստի ընթացքում նոր լիազորագիր կներկայացնի, իսկ մինչ այդ կնստի դահլիճում։
Այնուհետև դատավորը կողմերից ճշտեց՝ բացարկի միջնորդություն ունե՞ն դատարանին, թե ոչ։ Միևնույն ժամանակ հայտնեց, որ ինքը և գործով հայցվոր, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը համադասարանցիներ և համակուրսեցիներ են եղել։
«Ծանոթությունը 2011 թվականից սկսած է եղել, ուսումնառությունն ավարտելուց հետո էլ պարբերաբար ունեցել ենք շփումներ ինչպես առերես, այնպես էլ հեռահաղորդակցության միջոցներով, դասընկերային և կուրսընկերային հանդիպումների շրջանակներում։ Դատարանն այդ հանգամանքները որպես ինքնաբացարկի հիմք չի գնահատում։ Հարգելի կողմեր, բացարկի հիմքեր տեսնո՞ւմ եք»,-հարցրեց դատավոր Դրմեյանը։
Ինչպես պատասխանողների ներկայացուցիչները, այնպես էր դատախազը նշեցին, որ նման հիմքեր չեն տեսնում։
Այս բոլոր գործողություններից հետո, դատական նիստի մեկնարկից շուրջ 25 րոպե հետո, դատարանը որոշեց անդրադառնալ ԶԼՄ-ների կողմից ներկայացրած դիմումներին։ Դատախազը չառարկեց, պատասխանող Արա Կոստանյանի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը նշեց, որ ինքն էլ չի առարկում։ Առարկություն ուներ միայն Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։
«Տեսանկարահանելն էլ, լուսանկարահանելն էլ խանգարում են, որովհետև այստեղ, որոշակի առումով, մտավոր գործընթաց է գնում և տեխնիկական միջոցների կիրառումը, օբյեկտիվորեն, չգիտեմ․․․Դուք էլ դատական նիստերում այդ փորձը ունեցել եք, իրականում խանգարում են։ Տեխնիկական միջոցների կիրառման արդյունքում որոշակի տեխնիկական պայմաններ են ի հայտ գալիս։ Օրինակ՝ դիրքորոշում հայտնելուց կարող են դատավարության մասնակիցների ուշադրությունը շեղել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ անհրաժեշտ չէ այս դատական նիստը տեսանկարահանելը։
Լիլի Դրմեյանը՝ հղում անելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, հայտարարեց․ «Տեսաձայնագրում, լուսանկարահանում, հեռարձակում թույլատրվում է միայն գործին մասնակցող կողմերի համաձայնությամբ, դատարանի թույլտվությամբ։ Տվյալ պարագայում, քանի որ մի կողմը առարկում է, ներկայացնում է որոշակի ողջամիտ հիմնավորումներ, դատարանը գտնում է, որ միջնորդությունները ենթակա են մերժման»։
Դատական պրակտիկայում, հանրային նշանակություն ունեցող գործերով դատավորները թույլատրում են տեսաձայնագրում, լուսանկարահանում կատարել՝ բացառությամբ դրա դեմ առարկող կողմի։ ԲԴԽ համապատասխան որոշման մեջ, որով կարգավորվում է նաև դատարաններում լրագրողների աշխատանքը, նշվում է՝ վերոնշյալ գործողությունները կարող են իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ:
«Դատարանը թույլտվություն կարող է տալ՝ համապատասխան լրագրողի միջնորդության քննարկման արդյունքներով, ընդ որում՝ պետք է համարժեք հաշվի առնվի արդար դատաքննության իրավունքի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը:․․․Թույլտվություն տալու կամ մերժելու որոշումները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով»,-նշվում է որոշման մեջ։
Բացի այդ, խորհրդի նույն որոշման մեջ ամրագրված է, որ ուղիղ եթերով տեսաձայնագրման, լուսանկարահանման թույլտվության հարցը պետք է քննարկվի և լուծվի նիստից անմիջապես առաջ նիստերի քարտուղարին ուղղված լրագրողի բանավոր դիմումի հիման վրա, ոչ թե նիստի մեկնարկից 25 րոպե հետո․ «Թույլտվությունը տրվում է տվյալ գործով դռնբաց դատական նիստերի ընթացքը ուղիղ եթերով ձայնագրություններ և լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելու համար և ընդհատվում է միայն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա»:
Լուսանկարում Լիլի Դրմեյանն է, Հանրապետության նախագահի նստավայրում երդման արարողության ժամանակ։
Եվգենյա Համբարձումյան