Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշման եզրափակիչ մասը։
Դրա համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։
Iravaban.net-ը նոր մանրամասներ է հայտնում 3 դատավորների ներկայացրած կարծիքներից, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով։
Հրայր Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքը
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նախևառաջ պետք է ունենա իրավասություն` քննության առարկա դարձնելու ներկայացված հարցը, իսկ բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում պետք է կայացնի օբյեկտիվ որոշում՝ հիմնված վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական պատշաճ վերլուծության վրա, որը, մասնավորապես, պետք է զերծ լինի ներքին հակասություններից և երկիմաստ դիրքորոշումներից։
«Սահմանադրական դատարանի ձևավորած իրավակիրառ պրակտիկան պետք է լինի միասնական։ Այդ պրակտիկայի փոփոխությունն ընկալելի, ընդունելի և իրավաչափ է, եթե այն արդյունք է սահմանադրական փոփոխությունների իրացման կամ գործող Սահմանադրության նորմերի այնպիսի վերաիմաստավորման, երբ Սահմանադրական դատարանի կողմից հիմնավորվում է իր պրակտիկայի փոփոխությունը։ Հակառակը կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի օբյեկտիվ գործունեության նկատմամբ ողջամիտ կասկածների և նրա նկատմամբ հանրային վստահության անկման։
Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավունք չունի, առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների, քննության առարկա դարձնելու այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող»,-նշվում է հրապարակված հատուկ կարծիքում։
Դատավորը գտնում է, որ միակ սահմանադրական ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող էր վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն է։
«Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՍԴՈ-1680 (Կանոնադրության վերաբերյալ 2023թ․-ի որոշում-խմբ․) և ՍԴՈ-502 (Կանոնադրության վերաբերյալ 2004թ․-ի որոշում-խմբ․) որոշումների առարկան նույնն է, իսկ Սահմանադրության վերաբերելի դրույթը բովանդակային առումով չի ենթարկվել փոփոխության, ինչպես նաև նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1680 որոշումը հիմնավոր, հետևաբար՝ ընդունելի չեմ համարում։
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1680 որոշումը կայացնելու փաստով դուրս է եկել Սահմանադրությամբ և Օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից։ Հարկ է նշել, որ Կանոնադրությունը վավերացնելու նպատակով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով են գնացել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իռլանդիան, Բրազիլիան՝ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրելով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը կամ Կանոնադրությանը միանալու հնարավորությունը։
․․․Սահմանադրական դատարանի կողմից նշված հարցը քննարկելու իրավասության բացակայության պայմաններում անիմաստ է նաև որոշման բովանդակությանն անդրադառնալը: Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ դրանք հիմնավոր չեն և հակասում են ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, որոնց հետ գրեթե ամբողջությամբ համակարծիք եմ»,-նշել է նա:
Երվանդ Խունդկարյանի ներկայացրած հատուկ կարծիքը
Դատավորը կարծում է, որ Սահմանադրական դատարանը նշված կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցի վերաբերյալ ՍԴ առաջին որոշումից տարբերվող դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չուներ։
Երվանդ Խունդկարյանը մի քանի արձանագրումներ է արել․
- 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության դրույթները՝ արդարադատության իրականացման բացառիկ իրավազորություն ունեցող մարմինների (դատարանների) և դրան շրջանակի սահմանման առումով, և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության դրույթները՝ նույն հարցի սահմանման առումով ունեն միևնույն հենքը, և սահմանադրի կողմից որևէ բովանդակային փոփոխության չեն ենթարկվել,
- ի հայտ չի եկել արդարադատության իրականացման բացառիկ իրավազորություն ունեցող մարմինների (դատարանների) և դրանց շրջանակը սահմանող սահմանադրական դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայության հնարավոր էր կայացնել նշված կանոնադրության վերաբերյալ ՍԴ առաջին որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներից տարբերվող որոշում, առավել ևս, որ նման գործիքակազմի կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նախկինում կայացված որոշումներով դատարանը նորմը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող, ուստի այն չի կարող կիրառելի լինել հակասահմանադրական ճանաչված ակտերի պարագայում։ Ավելի՝ իր արտահայտած որոշումների վերանայման գործիքակազմն էլ կիրառելի է ՍԴ-ում իրականացվող որ բոլոր վարույթների նկատմամբ,
- Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ փաստորեն առկա է ՍԴ հակադիր բովանդակությամբ 2 որոշում (2004 թվականի որոշմամբ՝ կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, 2023-ի որոշմամբ՝ համապատասխանում է)։
«Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ եթե սահմանադրիը քննարկման առարկա հանդիսացող կանոնադրության վավերացումը ՀՀ-ի կողմից, ապա վավերացման միակ և հնարավոր ելքը կարող էր լինել նոր Սահմանադրության ընդունումը կամ Սահմանադրության մեջ սահմանադրի կողմից համապատասխան փոփոխությունների կատարումը։…Գտնում եմ, որ այս գործով քննության առարկա հանդիսացող կանոնադրությունը չէր կարող գնահատվել որպես մի միջազգային պայմանագիր, որում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,-նշվում է հրապարակված հատուկ կարծիքի մեջ։
Դատավորն անդրադարձել է նաև գործի հարուցման համար հիմք հանդիսացած դիմումի պատշաճ ներկայացված չլինելու հանգամանքին։ Նա նշել է, որ գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում։
Արաիկ Թունյանի ներկայացրած հատուկ կարծիքը
ՍԴ դատավորը կարծում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության վերաբերելի դրույթները բովանդակային առումով փոփոխության չեն ենթարկվել, մասնավորապես` 2015 թվականի խմբագրությամբ սահմանադրական նորմերում չեն իրացվել կանոնադրության վերաբերյալ Սահմանադրական դատարանի առաջին որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:
«․․․Հիմնավորելով Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է. «․․․Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության համակարգը կոչված է ապահովելու, ի թիվս Սահմանադրությամբ ամրագրված այլ արժեքների, նաև Սահմանադրության նախաբանի իմաստով «համամարդկային արժեքների» պաշտպանությունը, որն առաջնահերթությամբ սահմանադրական հրամայական լինելուց բացի՝ նաև jus cogens նորմերով պարտավորություն է ցանկացած պետության համար»:
Լիովին համաձայն լինելով այն դիրքորոշմանը, որ Սահմանադրության նախաբանը դասվում է Սահմանադրության անփոփոխելի դրույթների շարքը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման ընթացքում կիրառելի սահմանադրական դրույթների նոր ընկալման համար»,-նշել է դատավորը:
Արաիկ Թունյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը, 2004-ի իր որոշմամբ ճանաչելով Կանոնադրության 105-րդ հոդվածով ստանձնվող պարտավորությունները Սահմանադրությանը չհամապատասխանող, նշել էր, որ ներման, ինչպես նաև համաներման իրավունքից կարող են զրկվել «․․․Դատարանի` որպես ներպետական քրեական իրավազորության համակարգը լրացնող մարմնի, կողմից դատապարտված` ՀՀ ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք․․․»:
«․․․Անկախ այն հանգամանքից, թե Կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան՝ Միջազգային քրեական դատարանի կողմից դատապարտված անձանց պատժի կրման նպատակով ընդունելու պատրաստակամության մասին հայտարարություն արվում է, թե՝ ոչ, Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները միջազգային պայմանագրով ստանձնվող պարտավորություններ են առնվազն այն մասով, որ Կանոնադրությանը միացող կողմը համաձայնում է այդ դրույթներին, մասնավորապես՝ այն իրողությանը, որ դատապարտված իր քաղաքացիները պատիժը կկրեն Կանոնադրության դրույթներով սահմանված կարգով»,-նշվում է հատուկ կարծիքի տեքստում:
Արաիկ Թունյանը ևս գտնում է, որ կանոնադրությունը կարող էր Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
Եվգենյա Համբարձումյան