Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։
Դրա համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։
Iravaban.net-ը նոր մանրամասներ է հաղորդում դատարանի ընդունած որոշման վերաբերյալ, որի ամբողջական տարբերակը հրապարակվել է մարտի 27-ին։
Կառավարությունն իր դիրքորոշման մեջ նշել է, որ Միջազգային քրեական դատարանը միջամտում է միայն այն պարագայում, երբ պետությունը չի ցանկանում կամ ի վիճակի չէ քրեական հետապնդում իրականացնել և պատասխանատվության ենթարկել խնդրո առարկա հանցագործությունները կատարած ֆիզիկական անձանց՝ ի խախտումն jus cogens (իմպերատիվ) նորմի հիման վրա ծագած erga omnes (բոլորին վերաբերող) պարտավորության։
Կառավարությունը եզրակացնում է, որ Սահմանադրության՝ դատական իշխանության մարմինների համակարգը սահմանող դրույթները (1995 թվականի Սահմանադրության 91 և 92-րդ հոդվածներ, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 162 և 163-րդ հոդվածներ) որևէ կերպ չեն բացառում միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության կողմից դրան միանալը և այդ դատարանների իրավազորության իրականացումը։ Ըստ Կառավարության՝ Միջազգային քրեական դատարանը չի փոխարինում Հայաստանի Հանրապետության ներպետական դատական մարմիններին, այլ լրացնում է դրանք, ընդ որում՝ միայն այն պարագայում, երբ պետությունը, ի դեմս իր դատաիրավական համակարգի, խուսափում է իր միջազգային լրջագույն պարտավորությունների կատարումից։
Անդրադառնալով Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, ի թիվս այլնի, հետևյալ պարտավորությունները.
ա) ճանաչել Միջազգային քրեական դատարանի՝ որպես քրեական իրավազորության ազգային համակարգերը լրացնող ատյանի իրավազորությունը՝ միջազգային հանրության մտահոգությունը հարուցող և Կանոնադրության 5-րդ հոդվածով թվարկված հանցագործությունները կատարած անձանց նկատմամբ,
բ) ճանաչել Միջազգային քրեական դատարանի՝ Կանոնադրությամբ նախատեսված կարգով իր գործառույթներն ու լիազորությունները Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու իրավասությունը,
գ) չդատել անձին ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների առնչությամբ, որոնց համար Միջազգային քրեական դատարանի կողմից նա արդեն ճանաչվել է մեղավոր կամ արդարացվել է,
դ) Կանոնադրությունը հավասարապես կիրառել բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնեական դիրքով պայմանավորված որևէ տարբերակման, ինչպես նաև երաշխավորել, որ ազգային կամ միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը կամ դատավարական հատուկ նորմերը, որոնք կարող են կապված լինել անձի պաշտոնեական դիրքի հետ, չխոչընդոտեն Միջազգային քրեական դատարանին՝ այդ անձանց նկատմամբ իրականացնելու իր իրավազորությունը,
ե) երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային քրեական դատարանի այնպիսի արտոնությունները և անձեռնմխելիությունը, ինչպիսիք անհրաժեշտ են դրա նպատակների իրականացման համար,
զ) երաշխավորել, որ Միջազգային քրեական դատարանի գործունեությանը մասնակցելու ընթացքում կամ նման գործունեության առնչությամբ Միջազգային քրեական դատարանի դատավորները, դատախազը, դատախազի տեղակալները և քարտուղարն օգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, և որ իրենց կարգավիճակից բխող գործողությունների, արտահայտած կամ գրած խոսքի առնչությամբ նրանց դատավարական ցանկացած տեսակի անձեռնմխելիության տրամադրումը կշարունակվի նրանց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո,
է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման և Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝
– կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,
– այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,
– պահպանվել են այդ անձի իրավունքները,
ը) մինչև Միջազգային քրեական դատարանին փոխանցելն իրեն ժամանակավորապես ազատ արձակելու վերաբերյալ կալանավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին տրված ցանկացած խնդրագրի մասին տեղեկացնել Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի պալատին և մինչ իր որոշումը կայացնելը լիովին հաշվի առնել այդ կապակցությամբ վերջինիս բոլոր՝ ներառյալ անձի փախուստը կանխելու միջոցների վերաբերյալ հանձնարարականները,
թ) անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան,
ժ) ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն իր կողմից իրականացվող արդարադատության դեմ ուղղված դիտավորյալ այն հանցագործությունների նկատմամբ, որոնք թվարկված են Կանոնադրության 70-րդ հոդվածի 1-ին մասում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այդպիսի հանցագործությունների վրա տարածել քննության անցկացման և դատավարության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներ նախատեսող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը,
ժա) առանց bona fide երրորդ կողմի իրավունքները խախտելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան՝ կատարել տուժողներին պատճառված կամ նրանց առնչվող վնասի հատուցման վերաբերյալ, ներառյալ՝ ռեստիտուցիան, փոխհատուցումը և ռեաբիլիտացիան, Միջազգային քրեական դատարանի՝ Կանոնադրության 75-րդ հոդվածի համաձայն ընդունած որոշումը և այդ որոշման կատարման արդյունքում ձեռք բերված գույքը փոխանցել Միջազգային քրեական դատարանին,
ժբ) Կանոնադրության դրույթներին համապատասխան՝ բազմակողմանիորեն համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ՝ իրեն ընդդատյա հանցագործությունների կապակցությամբ վերջինիս կողմից իրականացվող քննության և քրեական հետապնդման հարցերում,
ժգ) որպես հարցվող պետություն հանդես գալու պարագայում պահպանել համագործակցության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի դիմումի և այն հիմնավորող փաստաթղթերի գաղտնիությունը, բացառությամբ այն ծավալով, որքանով դրանց բացահայտումն անհրաժեշտ է դիմումի կատարման համար,
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսել Կանոնադրության 9-րդ մասում նշված համագործակցության բոլոր ձևերին վերաբերող ընթացակարգեր,
ժե) Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան՝ կատարել Միջազգային քրեական դատարանի՝ անձին կալանավորելու և փոխանցելու մասին պահանջը,
ժզ) եթե փոխանցման ենթակա անձը Կանոնադրության 20-րդ հոդվածում նշված ne bis in idem (մեկ հանցանքի համար չպետք է լինի 2 պատիժ) սկզբունքի հիման վրա վիճարկում է փոխանցումը ներպետական դատարանում, ապա որպես հարցվող Պետություն անհապաղ խորհրդակցել Միջազգային քրեական դատարանի հետ` պարզելու, թե կա՞ արդյոք գործի ընդունելիության վերաբերյալ համապատասխան որոշում, և եթե գործի ընդունելիությունը ճանաչված է, ապա ընթացք տալ պահանջի կատարմանը,
ժէ) անհետաձգելի դեպքերում՝ նախքան փոխանցման վերաբերյալ դիմումը և այն հիմնավորող՝ Կանոնադրության 91-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը, կատարել որոնվող անձին նախնական կալանքի վերցնելու մասին Միջազգային քրեական դատարանի դիմումի պահանջը,
ժը) Կանոնադրության 9-րդ բաժնի (մասի) դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կատարել քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ Միջազգային քրեական դատարանին աջակցություն ցույց տալու մասին պահանջները, որոնց ցանկը սահմանված է Կանոնադրության 93-րդ հոդվածի 1-ին մասում (հոդված 93, մաս 1). ժթ) աջակցել, երբ դա անհրաժեշտ է այն պահանջի արդյունավետ կատարման համար, որը կարող է իրականացվել առանց հարկադրանքի միջոցների, ներառյալ՝ անձի հարցաքննությունը կամ կամավոր հիմունքներով նրանից ապացույցներ ստանալը, այդ թվում՝ առանց հարցվող պետության իշխանությունների ներկայության, եթե դա էապես կարևոր է պահանջի կատարման համար, ինչպես նաև որևէ հանրային օբյեկտի կամ հանրային վայրի զննումը, ճանաչել Կանոնադրության 99-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով այդ պահանջը Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անմիջականորեն կատարելու իրավասությունը,
ի) որպես հարցվող Պետություն` կրել Հայաստանի Հանրապետության տարածքում դիմումների պահանջների կատարման հետ կապված սովորական ծախսերը, բացառությամբ Կանոնադրության 100-րդ հոդվածի 1-ին մասում նշված ծախսերի։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այս գործն ունի այն առանձնահատկությունը, որ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննության առարկա հանդիսացող Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների առնչությամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ կայացրել է դրանց՝ 1995 թվականի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:
«․․․Քննելով սույն գործը՝ որպես նախկինում որևէ դիմումով չառաջադրված հարցերին առնչվող գործ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության վերաբերելի դրույթներին և խնդրահարույց չեն Սահմանադրության որևէ դրույթին համապատասխանության տեսանկյունից և համապատասխանում են Սահմանադրությանը»,-նշվում է որոշման մեջ:
Ըստ դրա՝ Կանոնադրության նախաբանում արձանագրված լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքը հաջորդաբար արտացոլվել է Միջազգային քրեական դատարանի կարգավիճակին վերաբերող՝ Կանոնադրության 1-ին հոդվածում, սակայն դրա իրավական բովանդակությունը մանրամասնված է Կանոնադրության 17-րդ հոդվածում, համաձայն որի՝ Միջազգային քրեական դատարանն իրավասու չէ քննության ընդունել այնպիսի գործ՝
ա) որի կապակցությամբ իրականացվում է քննություն կամ հարուցված է քրեական հետապնդում այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պետությունը չի ցանկանում կամ անկարող է պատշաճ կերպով իրականացնել քննությունը կամ քրեական հետապնդումը, կամ
բ) որի կապակցությամբ քննություն է իրականացվել այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, և այդ պետությունը որոշել է տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոշումն արդյունք է պետության՝ պատշաճ կերպով քրեական հետապնդում իրականացնելու ցանկության բացակայության կամ անկարողության, կամ
գ) որով համապատասխան անձի նկատմամբ արդեն իսկ անցկացվել է դատաքննություն այն արարքի համար, որը տվյալ բողոքի առարկան է, և Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննությունը, 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի թույլատրվում, կամ
դ) որը բավարար ծանրության աստիճանի չէ, որպեսզի հիմնավորված լինեն Միջազգային քրեական դատարանի հետագա գործողությունները։
«Սահմանադրության նախաբանում՝ Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, Սահմանադրությունն ընդունել է նաև՝ «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Սահմանադրության նախաբանում այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը դարձնում է Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ։․․․Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին դրույթը Հայաստանի անկախության հռչակագրում ունի ոչ միայն պատմական իրողության հետադարձորեն ճանաչման, այլև առավել ևս ապագայում նման ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի միջոցով համընդհանուր խաղաղության և անվտանգության պաշտպանության միջազգային ջանքերին մասնակցության քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը, քննելով Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, դրանով նախատեսված միջազգային քրեական արդարադատության համակարգի բաղադրիչների, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորության լրացնող կամ կոմպլեմենտար բնույթի սահմանադրականության ստուգումն իրականացնելու է նաև սույն կետում նշված՝ Հայ ժողովրդի՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի դրույթների հեղինակի քաղաքակրթական հանձնառության լույսի ներքո»,-ընդգծում է բարձր դատարանը:
Վերլուծությունից բխում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ազգային իրավազորությունը լրացնում է այնքանով, որքանով վերջինս ի վիճակի չէ կամ ցանկություն չունի իրագործել Կանոնադրությամբ ամրագրված նպատակները, որոնք համընկնում են, մի կողմից՝ համամարդկային արժեքներին, որոնց իր հավատարմությունն է հավաստել Հայ ժողովուրդը՝ Սահմանադրությունն ընդունելիս, մյուս կողմից՝ արդեն իսկ հետապնդվում են jus cogens նորմերով:
Դատավորներ Հրայր Թովմասյանի, Արաիկ Թունյանի և Երվանդ Խունդկարյանի ներկայացրած հատուկ կարծիքները չեն հրապարակվել։
Հայաստանը չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ, քանի դեռ նշված կանոնադրությունը չի հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։
Եվգենյա Համբարձումյան