Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար

Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել։ Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի ձերբակալման օրդեր է տրվում։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ իրավապահները պարտավորված են լինելու նրան ձերբակալել։

Iravaban.net-ը հայտնում է, որ դատարանի որոշումները ուժ չունեն կանոնադրությունը չվավերացրած պետությունների համար։ Այն հիմնվել է հռոմեական ստատուտի (կանոնադրություն) հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին։ Դատարանը իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ից։

Ռուսաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է դեռևս 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն այն երբեք չի վավերացրել և հետևաբար Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն չի եղել։ Միաժամանակ Ռուսաստանը համագործակցել է ՄՔԴ-ի հետ և մասնակցել նրա աշխատանքներին որպես դիտորդ։ 2016 թվականին Ռուսաստանը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանից այն բանից հետո, երբ Ղրիմի բռնակցումը ճանաչվել է որպես օկուպացիա։

Անհրաժեշտ է նշել, որ մի շարք երկրներ սկզբունքորեն դեմ են ՄՔԴ-ի գաղափարին՝ որպես պետությունների ինքնիշխանությունը սահմանափակող և անորոշ լայն իրավասություններ տվող դատարան։ Այդ երկրների թվում է ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը։ ՄՔԴ-ի գործունեության ամենակատաղի հակառակորդն ԱՄՆ-ն է։ ԱՄՆ կառավարությունը թեև Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին, սակայն արդեն 2002 թվականին հետ է վերցրել իր ստորագրությունը։ ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնցում նրանց պարտավորեցրել են կասկածյալ ամերիկացի քաղաքացիներին չհանձնել Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանը, դեռևս 2022-ի դեկտեմբերին, գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ Կանոնադրության վավերացման հարցը Սահմանադրական դատարանը քննարկելու է մարտի 24-ին և որոշելու է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր այդ շրջանում գործող Սահմանադրությանը հակասող։ Կառավարությունը 2022-ին ևս մեկ անգամ կանոնադրությունը հաստատման ուղարկեց ՍԴ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծիք է հայտնել, որ  հնարավոր է դատարանն այժմ առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է․ «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, Հայաստանը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։

Ըստ այդմ, պատասխանելով վերնագրում նշված հարցադրմանը անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստան Պուտինի այցի ժամանակ Պուտինը չի կարող ձերբակալվել, քանի որ Հայաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը։

Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։

Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել