2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել՝ կազմելով 8.1%, իսկ բնականոն գնաճը՝ 8.4%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղել են։
«Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Ուստի զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։
Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակվում են թուլանալ»,- նշեց Մարտին Գալստյանը։