Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 14-ին, հաստատել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը։
«Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասն ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- Հավելվածով հաստատված կանոնադրության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ անվտանգության, տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված և նյութական պահուստի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։
- Հավելվածով հաստատված կանոնադրության՝ լիցենզիաների տրամադրման, վտանգավոր բեռների փոխադրումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կարգապահական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմինների մասով աջակցող ստորաբաժանումների գործառույթների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը»,-նշվում է որոշման մեջ։