Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 3-ին, քննվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի գույքի բռնագանձման մասին հայցադիմումը։
Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։
Դատավորը հայտնեց՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն պետք է ներկայացնի։ Դատախազի խոսքով՝ հայցադիմումի մեջ տեխնիկական վրիպակներ կան, սակայն դրանք հայցի առարկան չեն փոխում։ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ հիմքի` վրիպակների դեմ չի առարկում, բայց հայցի առարկայի փոփոխությունները դատարանում քննության առարկա չպետք է դառնան, որովհետև հայցվորը կարող է գույքի բռնագանձման պահանջ ներկայացնել, բայց ոչ որոշել, թե որ գույքն է բռնագանձվելու։
Նախորդ նիստում հրապարակվել էր դատախազության կողմից ներկայացված բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը, և այսօր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ 50 էջանոց առարկություններ ունեն։
Գրիգորյանը նշեց նաև, որ առարկում է հայցադիմումի մեջ առկա «Ժ» կետի ցանկացած փոփոխության դեմ։ Նշենք, որ «Ժ» կետով դատախազությունը խնդրում է դատարանից այս հայցադիմումի դրամական պահանջը բավարարել ինչպես Սուրիկ Խաչատրյանին պատկանող օրինական գույքերի կամ այդ գույքերի օրինական եկամուտներով հիմնավորվող մասերի, այդ թվում՝ խնդրամասի «Զ» կետում նշված փոխառությունների տրամադրումից ծագող պահանջի իրավունքներից, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքերի հաշվին։
«Սա այնպիսի պահանջ չէ, որ դատարանը ի սկզբանե պետք է վարույթ ընդուներ և քններ, որ դրանից հետո էլ փոփոխություններ լինեն։ Նախորդ դատական նիստին մենք բանավոր նշել ենք, որ «Ժ» կետը ընդհանրապես քննության ենթակա չէ»,-նշեց Գրիգորյանը։
Դատարանը առաջարկեց քննարկել նաև «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս խնդրում է ներգրավվել դատական գործընթացին որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող 3-րդ անձ։ Դատախազությունը ստացել էր միջնորդությունը, իսկ Խաչատրյանի ներկայացուցիչը՝ ոչ։ Միջնորդության մեջ նշվում է, որ գրավադրված գույքերից մեկի վրա արգելանք է դրվել, որի արդյունքում խախտվել են բանկի, որպես գրավառուի իրավունքները, քանի որ վերջինս չի կարողանում իր գրավի առարկա գույքից բավարարում ստանալ։
Գևորգ Քոչարյանը նշեց, որ չեն առարկում դատական գործընթացին բանկի ներգրավմանը։ Վահագն Գրիգորյանը նույնպես չառարկեց և հավելեց. «Ես ինքս էլ ինչ-որ պահի ներկայացնելու եմ բոլոր այն անձանց՝ որպես 3-րդ անձ ներգրավելու մասին միջնորդություն, որոնց մասով իրավասու մարմինը միջնորդություն չի ներկայացրել և որոնք այս պահին ներգրավված չեն»։
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 31-ին։