Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Այս փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել նաև աշխատողների հանսգտին վերաբերող կարգավորումներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ներկայում, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու:
«Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:
Եթե գործատուն աշխատողին՝ իր դիմումի համաձայն արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուժանք՝ աշխատավարձի 0.15 տոկոսի սահմաններում (աշխատողի միջին ամսական աշխատավարձի)»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։
Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերություններ սկսելուց 6 ամիս անց էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա ավելի ճկուն հնարավորություն է տրվել, դա կթողնվի աշխատող-գործատու հայեցողության վրա: