Սիրիայում և Թուրքիայում հազարավոր շենքեր տապալած երկրաշարժից փրկվածների որոնումները շարունակվում են․ կան փրկվածներ

Արդեն որերորդ օրն է, չնայած աշխատանքային բարդ պայմաններին, հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ շղթաներ կազմած, շարունակ փորձում են փորել փլուզված շենքերը՝ հորդորելով հաճախակի լռել՝ օգնության համար խնդրանքի ձայներ լսելու հույսով։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, փնտրում են «դատարկություններ»՝ մեծ բետոնե ճառագայթների կամ փլուզված աստիճանահարթակների տարածքներ, որտեղ կարելի է գտնել տուժածներին։ Մինչ փրկարարները փորձում են հասնել ողջ մնացածներին, աջակցող թիմերը հետևում են շենքերի շարժին՝ հաշվի առնելով դրանց հետագա փլուզման հավանականությունը, ինչպես նաև՝ այլ վտանգների առկայությունը։

Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու։

Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժում, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։

Կինոլոգիական խումբը ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներին։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել