Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շուրջ 3000-ի է հասել, 15 հազարից ավելի վիրավոր կա

Թուրքիայի 10 նահանգներում երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով, որոնք ցնցել են երկրի հարավային հատվածը, կա 2921 զոհ, 15834 վիրավոր։ Այս մասին փետրվարի 7-ի առավոտյան հայտնել է երկրի աղետների գործակալության ներկայացուցիչը։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը հայտնել է, որ երկրաշարժերին հետևել են 243 հետցնցումներ և 6217 շենք փլուզվել:

Շուրջ 16,400 որոնողափրկարարական անձնակազմ է աշխատում տարածաշրջանում, ասել է Սեզերը՝ հավելելով, որ մինչ այժմ օգնություն է առաջարկել 65 երկիր։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով 338,000 տուժածներ տեղավորվել են հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։

AFAD-ի ռիսկերի նվազեցման գլխավոր մենեջեր Օրհան Թաթարն ավելի վաղ օրը հայտնել էր, որ մինչ այժմ աղետի գոտում գտնվող նահանգներ են ուղարկվել 250 միլիոն թուրքական լիրա (մոտ 13,3 միլիոն դոլար) արտակարգ միջոցներ:

Որպես «զուտ նախազգուշական որոշում»՝ Թուրքիայի նավթատարը (BOTAS) դադարեցրել է հում նավթի հոսքը տարածաշրջանում, հավելել է Թաթարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժից հետո Թուրքիան ցնցվել է «ամենամեծ աղետից» 1939 թվականի Էրզնկա երկրաշարժից հետո։

———————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել