Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը․ գրում է ТАСС-ը։
Լրատվականի տեղեկացմամբ՝ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլուզված շենքերի փլատակների տակ Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի եւ Համայի նահանգներում։
Տուժածների թիվը, որոնց հաջողվել է դուրս բերել փլատակներից, հասել է 400-ի։ Փրկարարական աշխատանքներն իրականացվում են փոթորկոտ եղանակին՝ հորդառատ անձրևի պայմաններում։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: