Ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,- նշել է հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը: