Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախորդ մարզպետ Նազելի Բաղդասարյանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Նախարարն ընդգծել է, որ տիկին Բաղդասարյանի հետ արդյունավետ աշխատանք է եղել, շատ հարցեր տեղում, արագ լուծումներ են ստացել և հույս է հայտնել, որ այդ գործելաոճը կշարունակվի նաև առաջիկայում։

Նախարարը շնորհավորել է Մուշեղ Մուրադյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նկատել, որ նորանշանակ մարզպետը ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին, մարզպետարանի աշխատակազմին և հավելյալ ժամանակ չի պահանջվի գործին ծանոթանալու համար․«Շիրակի մարզը բարդ մարզ է, բազմաթիվ խնդիրներ կան, բայց ի ուրախություն բոլորիս, մարզում նաև հսկայածավալ ծրագրեր կան, որոնք պետք է համատեղ կյանքի կոչենք։ Ինչքան որ համախմբված, համատեղ աշխատենք, այնքան այդ ծրագրերն ավելի արագ կլուծվեն ի շահ մարզի»,-ասել է նախարարը։

Նազելի Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին։

Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամենօրյա աշխատանքով է փորձելու թեթևացնել մարզի հոգսերը․«Ամեն ջանք գործադրելու եմ կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով»,-ասել է նորանշանակ մարզպետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել