ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։
Խոր վշտով ստացանք զինծառայողի ողբերգական մահվան լուրը։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը, որը հասցվել է նրանց և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: