Հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է սիրիական կարգավորման գործում քայլերի համակարգման հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գրում է РИА Новости-ն։

«Նախարարները փոխանակել են ամանորյա շնորհավորանքներ և քննարկել արտաքին գործերի նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագրերը, ներառյալ՝ Սիրիայի կարգավորմանը նպաստող քայլերի հետագա համակարգումը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով Դամասկոսի աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից։

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն այս շաբաթ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, ավելի վաղ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանել է, որ «հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ Արաբական Հանրապետությունում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման շահերից»:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին, նշում է Hürriyet թերթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել