Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Twitter-ում թուրքերեն գրառում է արել՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի հավատարմագրերն ընդունելուն։
Հերցոգը սոցմեդիայի լսարանի հետ կիսվել է Թուրքիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառման տեսանյութով, որի ժամանակ Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը հավատարմագրեր է հանձնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ընդ որում դեսպանի դիմավորման արարողությունն ընթացել է Իսրայելի պետական օրհներգի ներքո։
Bugün, Büyükelçi @IritLillian güven mektubunu Cumhurbaşkanı @RTErdogan‘a sunarken Ankara’da, Cumhurbaşkanlığı’nda yeniden HaTikvah’yı duymak çok etkileyiciydi. Yakında, Türk Büyükelçi’nin güven mektubunu kabul etmeyi dört gözle bekliyorum. 🇮🇱🇹🇷 ilişkilerinde büyük bir adım. pic.twitter.com/gk9p4ulwnI
— יצחק הרצוג Isaac Herzog (@Isaac_Herzog) December 27, 2022
Իսրայելի նախագահը տպավորիչ է համարել նմանօրինակ ընդունելությունը և դա անվանել «մեծ քայլ թուրք-իսրայելական հարաբերություններում»։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Թուրքիան և Իսրայելը մի շարք քայլեր են ձեռնարկել՝ բարելավելու փոխադարձ հարաբերությունները։ Իսրայելի նախագահը մարտին այցով մեկնել էր Թուրքիա, իսկ մայիսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր գտնվում Իսրայելում։ Հունիսին էլ Թուրքիա էր մեկնել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։ Օգոստոսի 17-ին կողմերը որոշեցին դիվանագիտական հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի և փոխադարձաբար դեսպաններ նշանակեցին։