Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գների առավելագույն շեմ սահմանելու վերաբերյալ պատասխան միջոցների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հակադարձում է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գների առավելագույն շեմի սահմանմանը` արգելելով նավթի մատակարարումը գնորդներին, ովքեր միացել են այդ սահմանաչափին փետրվարին: Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին, հայտնում է ТАСС-ը։

«<…> Ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումն օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է, պայմանով, որ այդ մատակարարումների պայմանագրերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսում են գների ամրագրման մեխանիզմի կիրառում: Սահմանված արգելքը գործում է բոլոր փուլերում»,- ասված է հրամանագրում։

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության Նախագահը առանձին կետով իրեն իրավունք է վերապահել նավթի և նավթամթերքների մատակարարման վերաբերյալ հատուկ որոշումներ ընդունել, որոնց իրականացումն արգելված է այս հրամանագրով։

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությանը հանձնարարվել է կանոնավոր կերպով վերահսկել արգելքի իրականացումը։

Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիությանը ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման էմբարգոն։ ԵՄ երկրները նաև պայմանավորվել են ծովով առաքվող ռուսական նավթի գնի կարգավորելի առավելագույն շեմի շուրջ՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց: Նման որոշում են կայացրել G7 երկրներն ու Ավստրալիան։ Արևմտյան երկրներն արգելել են իրենց ընկերություններին տրամադրել տրանսպորտային, ֆինանսական և ապահովագրական ծառայություններ Ռուսաստանից նավթ տեղափոխող լցանավերի համար՝ համաձայնեցված մակարդակից բարձր գնով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել