Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2022 թվականի դեկտեմբերի 24-ի անհիմն հայտարարությունը, որը խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած տեսակետները։
Նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարության այն պնդումը, թե Ադրբեջանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և խախտում է միջազգային իրավունքը, ոչ այլ ինչ է, քան «կեղծավորություն»։
Հայտարարությունում ընդգծվում է, որ անհիմն է նաև հայկական կողմի այն պնդումը, թե Ադրբեջանը խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները և խոչընդոտում խաղաղ գործընթացին։
«Հստակորեն ակնհայտ են Հայաստանի կողմից դեկտեմբերին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախօրեին առաջադրված անընդունելի պայմանները, ինչպես նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելը»,-նշում են Բաքվում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:
Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:
Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»: