Ադրբեջանցի «բնապահպանները» պահանջ են առաջ քաշել

Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ շարունակում են փակ պահել Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ բնապահպանական պատճառաբանություններով։

Նրանք ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ ակցիան շարունակվելու է այս գիշեր։

«Բնապահպանները» պահանջել են, որ բոլոր կետերում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ծառայությունը անցկացնեն Ադրբեջանի համապատասխան պետական ​​կառույցների հետ՝ «բնական ռեսուրսների ապօրինի տեղափոխմանն ու շահագործմանը վերջ տալու համար»։

Նրանք վանկարկել են տարբեր կարգախոսներ՝ «Վերջ տվեք բնապահպանական հանցագործություններին», «Դադարեցրե՛ք էկոահաբեկչությունը», «Պաշտպանե՛ք բնությունը», «Ո՛չ էկոցիդի, այո մոնիթորինգին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, փակել է Լաչինի միջանցքը: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել