Էրդողանը Թուրքմենստան կատարած այցի ավարտից հետո ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ռուս-ուկրաինական ճգնաժամին, ահաբեկչական գործողություններին, Սիրիայի տարածքում ռուս-թուրքական համաձայնությամբ գործելուն և այլն։4
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Սիրիայի հյուսիսում հնարավոր ցամաքային գործողության համար Ռուսաստանի հետ լինի համատեղ որոշում և գործողություն, Էրդողանը պատասխանել է, որ ցանկանում է եռակողմ հանդիպում իրականացնել Սիրիայի և Ռուսաստանի հետ, սակայն նախ պիտի երեք երկրների հետախուզական ծառայությունները հանդիպեն, ապա՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։
«Իսկ վերջում մենք՝ որպես երկրների առաջնորդներ, կհանդիպենք։ Սա հարգարժան Պուտինին էլ եմ առաջարկել։ Նա էլ դրական արձագանք տվեց»,- նշել էր նա։
Անդրադառնալով իր ձևակերպմամբ քրդական ահաբեկչական ուժերին, Էրդողանը հետևյալ շեշտադրումներ է արել․ «Մեկ այլ թեմա էլ կա, որ անհրաժեշտ է դրա ուղղությամբ ևս արագորեն քայլ անել։ Ահաբեկչական կազմակերպությունները, որ Սիրիայում, հատկապես Սիրիայի հյուսիսում հանգիստ չեն մնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք սպառնում, ավերում են մեր երկիրը։ Մենք էլ Աստանայում, Սոչիում ընդունած որոշում ունենք։ Ո՞րն է այդ որոշումը։ Եթե մեզ անհանգստացնեն, մեր սահմանից 30կմ դեպի հարավ մեր անվտանգության միջանցքն է դառնալու։ Մենք ամեն տեսակի քայլ կարող ենք անել այդ միջանցքում։ Սա նոր բան չէ, Աստանայի հանդիպման օրակարգում ներառված բան էր։ Դրանից հետո էլ Սոչիում ենք հանդիպել, քննարկել»։
Ըստ Էրդողանի՝ Սիրիայում Ռուսաստանի հետ իրենց կոորդինացրած աշխատանքները նոր չեն։ Բացի այդ հիշեցրել է, որ Սիրիայում նաև կոալիցիոն ուժերի իրավիճակ կա։ Այդ կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ֆրանսիան, Գերմանիան և Անգլիան են։
«Իսկ մենք մեր երկրի անվտանգության համար միջոցներ ենք ձեռնարկում»,- եզրափակել է իր խոսքը Թուրքիայի ղեկավարը։