ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. հայտարարություն

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ակնկալում է, որ մոտ ապագայում այնտեղ տրանսպորտային կապերը կվերականգնվեն, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքաքարի հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնություններով։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում է իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում տրանսպորտային կապերի վերականգնմանը»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս «կողմերը պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է խստորեն պահպանվեն»։

«Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը։ Մենք ստիպված ենք առանձին մեկնաբանել ռուս խաղաղապահների դեմ անհիմն մեղադրանքները և սադրիչ գործողությունները։ Որտեղ էլ որ դրանք լինեն, մենք դրանք համարում ենք անընդունելի և հակաարդյունավետ»,-եզրափակեց նա։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ մայրուղին, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև կոչ է արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակում է քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա՝ ընդդեմ «հայկական կողմի անօրինական գործունեության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել