Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու վրա. Նեդ Փրայս

Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ և արևմտյան եվրոպացիների մտահոգություններին այս առնչությամբ:

«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, այս երկու երկրներին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա»,- ասել է Նեդ Փրայսը:

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել