ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բիշքեկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հարցրել են, թե ում հավատալ բանակի մատակարարման վերաբերյալ՝ պաշտպանության նախարարությանը, թե՞ առաջնագծից մարտիկների զեկույցներին։ Ռուսական պետության ղեկավարը պատասխանել է, որ միայն իրեն կարելի է վստահել, գրում է iz.ru-ն։
«Ոչ մեկին վստահել չի կարելի, միայն ինձ կարելի է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ ինքը կանոնավոր կերպով աշխատում է ՌԴ ՊՆ-ի հետ բանակի վերազինման հարցով։ Նա խոստովանել է, որ ռուս զինվորների մատակարարման հետ կապված խնդիրները մնում են, բայց դրանք գնալով պակասում են, ամենասուր հարցերն արդեն լուծված են։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։