Պերուի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահ Պեդրո Կաստիլյոյին

Նախագահի իմպիչմենտ հայտարարելուց մի քանի ժամ առաջ ինքը՝ Կաստիլյոն, հայտարարել է, որ ցրում է խորհրդարանը և երկրում պարետային ժամ է սահմանում, հայտնում է Известия-ն։

«Ներկայացվում են հետևյալ միջոցառումները՝ արտակարգ և բացառիկ իրավիճակի շրջանակներում ժամանակավորապես ցրել Կոնգրեսը և կառավարություն նշանակել։ Ինչքան հնարավոր է շուտ, նշանակել նոր կոնգրեսի ընտրությունների ամսաթիվը, որն ունի հիմնադիր լիազորություններ՝ ինը ամսից ոչ ավելի ժամկետում նոր Սահմանադրության մշակման համար», – ասել է Կաստիլյոն:

Հանրապետության ողջ տարածքում պարետային ժամը կգործի ամեն օր ժամը 22:00-ից 04:00-ն։

Կաստիլյոն կոչ է արել քաղաքացիներին իրենց ապօրինի զենքերը հանձնել առաջիկա 72 ժամվա ընթացքում։

Հանրապետության ղեկավարը կարծում է, որ նման որոշումները թույլ կտան «առանց խտրականության երկիրն ուղղել զարգացման ճանապարհով»։ Նա հիշել է, որ իր իշխանության գալուց ի վեր գործող խորհրդարանը հետևողականորեն մերժել է կառավարության առաջ քաշած սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները՝ արգելափակելով նախարարների կաբինետի աշխատանքը։

Պերուի իրադարձությունների ֆոնին երկրի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Վալտեր Կորդովա Ալեմանը և կառավարության մի շարք նախարարներ հայտարարել են իրենց հրաժարականի մասին։

Մինչ օրս իրենց պաշտոնները լքել են նաև պաշտպանության, արդարադատության և մարդու իրավունքների, էկոնոմիկայի, մշակույթի, կրթության նախարարները, ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿ-ում Պերուի մշտական ​​ներկայացուցիչը։

Պեդրո Կաստիլյոն հանրապետության ղեկավարն է 2021 թվականի հուլիսի 28-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել