Ընկերոջը դաժանաբար սպանողը դատապարտվեց 14 տարի ազատազրկման

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց նախկինում սպանության մեղադրանքով դատապարտված Սերգո Երեմյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով. սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Սերգո Երեմյանը 2013թ. հունվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մասնավորապես իրեն դիտողություն կատարելու համար, տարբեր առարկաներով հարվածել և բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել Արա Հայկի Հունանյանին:

Իր արարքի արդյունքում առանձին դաժանությամբ և դիտավորությամբ զրկել է վերջինիս կյանքից: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, ոտնահարելով բարոյականության համընդհանուր նորմերը և գիտակցելով իր գործողությունների առանձին դաժան բնույթը, դանակով և կացնով որովայնի մասից երկու մասի է բաժանել Ա. Հունանյանի դին և դուրս բերելով տանից թաքցրել այն իր տան ետնամասում գտնվող փոսի մեջ՝ ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով ու այլ առարկաներով և փակելով տան դուռը՝ հեռացել է հողամասից ու այլևս տուն չի վերադարձել։

Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի՝ հունվարի 1-ին Սերգո Երեմյանի տուն է գնացել վերջինիս մտերիմներից Հրաչը և նրանք միասին օղի են խմել. «Եկել էր Նոր Տարիս շնորհավորելու: Մի բաժակ բան խմեցինք, հետո ես իրան ասեցի, որ ուզում եմ գնամ քրոջս Նոր Տարին շնորհավորելու: Հրաչը ճանաչում էր քրոջս ու միասին գնալու ցանկություն հայտնեց: Էնտեղ մի քանի բաժակ օղի խմեցինք, որից հետո Հրաչը խոսքի մեջ հայհոյեց: Դա ինձ դուր չեկավ: Ես նկատողություն արեցի նրան: Բայց հետո էդ միջադեպը անցավ գնաց»:

Ամբաստանյալը քրոջ տանը տեղի ունեցած միջադեպի մասին պատմել է Արային, երբ նա եկել էր իր տուն Նոր Տարի շնորհավորելու. «Ես խոսքի մեջ Հրաչին սրիկա անվանեցի, ինչը Արային դուր չեկավ: Մենք երկուսս էլ խմած էինք. իմ թորած օղին էինք խմել: Արան ինձ հարվածեց, իսկ ես նրան: Իմ հարվածների արդյունքում Արան թուլացավ, ընկավ հատակին և դադարեց ինձ հարվածել»:
Դեպքից հետո ամբաստանյալը թողնելով տուժողին հատակին դուրս է եկել իր այգի ու մոտ մեկ ժամ այնտեղ քայլել՝ նյարդերը հանգստացնելու համար, իսկ երբ վերադարձել է տուն տեսել է, որ Արան աչքերը փակ ընկած է հատակին և շատ ծանր է շնչում. «Ես մոտեցա նրան, շնչառությունը ստուգեցի ու տեսա, որ մահացել ա»:

Այնուհետև փորձել է դիակը դուրս բերել բնակարանից, բայց քանի որ շատ ծանր է եղել, որոշել է մասնատել: Դանակի և կացնի միջոցով Արայիկ Հունանյանին մասնատել է երկու մասին. «Սկզբում դանակի, հետո միջին չափի կացնի միջոցով նրան որովայնի մոտից երկու մասի կիսեցի: Արյուն շատ չեկավ, քանի որ մինչև այդ արդեն արնաքամ էր եղել: Հետո տանից դուրս բերեցի և նետեցի իմ տան հետևում գտնվող փոսի մեջ: Այնուհետև դուրս եմ բերել և դրանք նետել իմ տան հետևում գտնվող փոսի մեջ, իսկ դանակն ու կացինը դրել եմ տոպրակի մեջ ու գցել աղբամանը»:

Հաշվի առնելով ամբաստանյալ Ս.Երեմյանի անձը, նրա կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, սպանությունն ուղղակի դիտավորությամբ կատարելու փաստը, պատասխանատվություն ու պատիժ ծանրացնող հանգամանքի առկայությունը ( սպանությունն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված բացառիկ հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակվի ազատազրկման ձևով։

Ամբաստանյալ Ս.Երեմյանի նկատմամբ ազատազրկման նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու, ինչպես նաև վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են։
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով դատարանը վճռեց Սերգո Մերուժանի Երեմյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով։

Ինչպես նաև պատժի կրման սկիզբը համարել ձերբակալման օրվանից` 2013թ. հունվարի 10-ից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև սույն դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել