Ռուս զինվորականներն օգտագործել են Խերսոնի աղբանոցը՝ այրելու իրենց զոհված զինծառայողների դիերը։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչների հայտարարությունները։
Լրատվամիջոցի զրուցակիցները պատմել են, որ իրենք տեսել են, թե ինչպես են աղբավայր հասել սև պարկերով լցված բեռնատարներ, որոնք հետո այրվել են։ Միաժամանակ օդում զգացվել է այրված մազերի սուր հոտը։
Աղբավայրի մուտքի մոտ անցակետ է տեղադրվել, տեղի բնակիչներին թույլ չեն տվել մուտք գործել տարածք։
The Guardian-ը նշում է, որ այս պնդումները հաստատել են տեղի տասնյակ զրուցակիցներ, սակայն ընդգծում է, որ հնարավոր չէ ինքնուրույն հաստատել տեղեկությունը։
Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել հրապարակումը։ Տեղի անանուն պաշտոնյան ասել է, որ ուկրաինական կողմը «հետաքրքրված չէ թշնամու հուղարկավորություններով»:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։