Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանը հրթիռակոծվել է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է: Սպանվածների մեջ կա նաև երեխա: Քարաքամըշ շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ, փոխանցում է Ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) հրամանատարությունը դատապարտել էր թուրքական օդուժի հարձակումները՝ նշելով. «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում չեն սահմանափակվելու միայն ավիահարվածներով: Ըստ Էրդողանի`ռազմական գործողությունները ընթանալու են նաև ցամաքում։