ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է:
«Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը:
«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի խթանմանը: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու համար», – նշել է Փրայսը:
Դիվանագետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, երկու երկրներին հանդիպելու հնարավորություն է ընձեռել, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել:
«Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», – հավելել է Փրայսը:
Փրայսը նաև նշել է, որ Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը:
«Մենք նրանց չենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հնարավորություն ընձեռենք դիվանագիտության համար, որի համար քայլեր նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա նման է մեր մոտեցմանը ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերների առումով, որտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ դիվանագիտական ջանքերն Իսրայելում և Լիբանանում, Եթովպիայում, Եմենում և այլուր:
Եզրափակելով իր խոսքը՝ Փրայսը բավական դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում: