Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե վաղուց է առաջարկել Բաքվի և Երեւանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ, սակայն Հայաստանը չի համաձայնել, իսկ Ադրբեջանի նախագահն այլընտրանք չի ունեցել, քան ուժ կիրառելը․ «Ժամանակին ես զբաղվում էի այդ հարցով, երբ Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում։ Ես գնացի Իլհամ Ալիեւի մոտ, ընկերական զրույց ունեցա նրա հետ»։
Այս մասին Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ․ «Եվ ես նրան ասացի՝ կատակելով․ «Իլհամ Հեյդարովիչ, լավ, եթե համաձայն ես, դու պետք է օգնես Հայաստանին»: Խոսքը հինգ կամ վեց շրջանների՝ ադրբեջանական շրջանների, մասին էր, որոնք, ինչպես նրանք ասում էին, գրավել են հայերը։ Հայերը խոստովանել են, որ դա ադրբեջանական հող է։ Դե, ուրեմն, հետ բեր այդ հացերը։ Եվ եթե ես այդ ժամանակ առաջարկեի վերադարձնել այդ տարածքները, պատերազմ չէր լինի։ Եվ Իլհամի մոտ պատերազմ սկսելու մոտիվացիա չէր լինի։ Շրջանները տվեցին, մնաց Ղարաբաղի կարգավիճակը։ Լուծեիք հանգիստ ռեժիմով։ Բայց այդ ժամանակ չհամաձայնեց Սերժ Սարգսյանը, իսկ հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ հարցը ես երկու անգամ բարձրացրել եմ»։
Նա նաեւ նշել է, որ Ալիեւին առաջարկել է նաեւ հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի վերջնական հաշտություն հաստատվի։ «Եվ ես հետո Իլհամին հարցրեցի՝ «Լսիր, համաձայնության եկեք, օգնիր Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դուք հաշտվել եք»։ Ասում է՝ առնվազն հինգ միլիարդ։ Բայց կարեւորը խողովակաշարեր կառուցելն է։ Եվ Իլհամն առաջարկել է Հայաստանի միջով խողովակաշարեր, նավթամուղներ կառուցել։ Ասում է՝ «Ինչո՞ւ պետք է շրջանցեմ Վրաստանը։ Կշրջանցեմ Հայաստանը։ Սա մեզ եւ Թուրքիային ձեռնտու է»»,-ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա նշել է, որ իր տասը տարվա առաջարկները չեն իրականացվել։ «Եվ ի՞նչ։ Ադրբեջանի նախագահն այլընտրանք չունեցավ, քան ուժի կիրառումը։ Անհնար էր առաջ գնալ։ Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծում։ Սա է խնդիրը»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վերջնական խնդրի լուծում գտնել։ «Հիմա վերջապես պետք է համաձայնության գալ, հաշտվել։ Ինչ-որ տեղ լեռներում, ինչպես ինձ ասացին, այս սահմանը բաժանված է։ Ի՞նչ սարեր։ Վերջապես հաշտվեք։ Նախիջեւանում թող ազատ անցում լինի։Ռուսաստանը ԼՂ-ում պահպանում է խաղաղությունը։ Ինչո՞ւ եք հիմա իրար սպանում։ Գրեթե 300 մարդ է զոհվել, եւ դեռ շարունակում են ինչ-որ բան քննարկել։ Պետք է հանգստանալ եւ համաձայնության գալ»,-ասել է Լուկաշենկոն։