Պետական պահուստը նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստն է, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար:
Ի՞նչ ենք հասկանում պետական պահուստի չնվազող պաշար ասելով
Պետական պահուստի չնվազող պաշարը` պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալն է:
Ի՞նչ նպատակներով է օգտագործվում պետական պահուստը
– ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
– արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
– հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
– ցուցաբերել մարդասիրական օգնություն.
– պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա։
Ինչպե՞ս է իրականացվում պետական պահուստի ֆինանսավորումը
Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների հաշվին:
Ո՞րն է պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը
Պետական պահուստի պաշարների ձեւավորումը, պահպանումն ու սպասարկումը ապահովվում է լիազորված մարմնի և պահպանումն ու սպասարկումը իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը (պետական պահուստի համակարգ): Պետական պահուստի համակարգի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է: