Զելենսկին կոչ է արել ֆինանսական հարթակ ստեղծել Ուկրաինային օգնելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում տեղի ունեցած համաժողովում ելույթի ժամանակ Եվրամիության երկրներին կոչ է արել ֆինանսական «Ռամշտայն» ստեղծել Ուկրաինային օգնելու համար:

«Ես հավատում եմ, որ այժմ կարող ենք հավանություն տալ ֆինանսական «Ռամշտայն» հիմնելու որոշմանը՝ մեր ընդհանուր կայունությանն աջակցելու համար։ Մեզ անհրաժեշտ է ֆինանսական համակարգման հարթակ, որը կմիավորի մեր երկրի վերականգնման բոլոր ջանքերը»,- ասել է Զելենսկին։

Նա ներկայացրել է Կիևի մշակած վերականգնման ծրագիրը. «Դա այն է, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային գոյատևելու համար։ Հենց հիմա։ Մեր արագ վերականգնման ծրագիրը կազմում է 17 միլիարդ դոլար: Դա վերաբերում է հիվանդանոցներին, դպրոցներին, կենսական տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք ունենք հսկայական կարիքներ բնակարանների վերականգնման համար: Մենք դեռ ոչ մի ցենտ չենք ստացել արագ վերականգնման համար։ Ես խնդրում եմ ձեզ արագացնել անհրաժեշտ որոշումները»:

Զելենսկին հավելել է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել Ուկրաինայի 2023 թ. բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար օգնություն ցուցաբերելու մասին: Նրա խոսքով՝ այդ գումարը կազմում է 38 մլրդ դոլար։

Զելենսկին հիշեցրել է, որ Արևմուտքում կան ռուսական ակտիվներ, որոնք արդեն սառեցվել են կամ դեռ պետք է սառեցվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել