Քրեական պատասխանատվություն՝ կեղծ ալկոհոլային խմիչք, մանկական սնունդ, դեղ, դեղաբուսական հումք (և այլն) պատրաստելու, արտադրելու, պահելու, փոխադրելու, իրացնելու համար

Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառությունը կամ դրանք իրացնելու համար քրեական պատիժ է նախատեսված Քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի համաձայն։

Ըստ օրենքի՝ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք, մանկական սնունդ, կենսաբանական ակտիվ հավելում, դեղ, դեղանյութ, դեղաբուսական հումք, օժանդակ նյութ, բժշկական արտադրատեսակ, դրանց մասեր կամ հետազոտվող դեղագործական արտադրանք պատրաստելը, արտադրելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, մատակարարելը, մատակարարելու առաջարկը, շուկա հանելը կամ դրանք իրացնելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Վերոնշյալ արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է միջին կամ թեթև ծանրության վնաս,

2) կատարվել է հանցավորի մասնագիտական, ծառայողական պարտականությունների կատարման կամ որպես արտադրող կամ մատակարար հանդես գալու կապակցությամբ ձևավորված վստահությունը չարաշահելով կամ

3) դրսևորվել է այնպիսի միջոցներով, որոնք կարող են ապահովել զանգվածային մատակարարում, դրա առաջարկ կամ իրացում`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով:

1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել