ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկվելու առաքելության տեղակայմանն առնչվող հարցերը

Եվրամիությունից հոկտեմբերի 13-ին տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ քաղաքացիական առաքելությունը որտե՞ղ է տեղակայվելու, նա ասաց, որ դեռ քննարկվում են այդ հարցերը:

«Այսօր ԵՄ-ից կժամանի տեխնիկական խումբ, որը կքննարկի այդ հարցերը և այն բոլոր չափանիշները, որոնց համաձայն պետք է տեղակայվի ԵՄ առաքելությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ը ևս դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների առաջ, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, կխուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

Հիշեցնենք, որ Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել