Մի քիչ ավելի լուրջ այն մասին, թե ինչու է Բրյուսովը ֆիզկուլտին և մանկավարժականին միացնելը հակակրթական ու եղած արժեքները քանդող քայլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանը։
«Ես Բրյուսովում եղել եմ 3 կարգավիճակներում` ուսանող, ասպիրանտ և դասախոս ու մեր alma mater-ի ուժեղ կողմերը և խնդիրները ճանաչում եմ ներսից: Ի դեպ Արմքոմեդին էլ չէր լինի եթե մի օր կոնֆերանսների դահլիճում չհանդիպեի Սերգեյին:
Իսկ հիմա մի քիչ ավելի լուրջ այն մասին թե ինչու Բրյուսովը ֆիզկուլտին և մանկավարժականին միացնելը հակակրթական ու եղած արժեքները քանդող քայլ է: Համալսարանը ունի շուրջ 90 տարվա պատմություն, կայացած է ու, որքան էլ դա դժվար է մեր դանդաղկոտ, բյուրոկրատիկ համակարգում, ժամանակին համընթաց զարգացող բուհ է: Հենց այս տարի ավելացել էին ավելի պահանջված, ժամանակին համապատասխանող մասնագիտություններ:
Բրյուսովը ունի գործընկերական հարաբերություններ աշխարհի հարյուրավոր համալսարանների հետ, ինչի շնորհիվ փայլուն, աշխարհահռչակ մասնագետների այցեր, վերապատրաստումներ, դասախոսություններ են կազմակերպվում: Բրյուսովը դա նաև թիմ է, որը, եկեք անկեղծ լինենք, Հայաստանում լեզուների լավագույն դասավանդումն է մատուցել տասնամյակներ շարունակ ու չեմ պատկերացնում թե էդ խառը համալսարանի կառավարումը ինչպես կարող է այս նվաճումները չզրոյացնել: Հատկապես երբ այս ամենը պլանավորված է այնպիսի կառավարիչների կողմից, որ դեռ ոչ մի արժեք կրթության ոլորտում չեն ստեղծել, իսկ ԵՊՀ կառավարումը տապալել ամենախայտառակ ձևով:
Եթե պետությունը իսկապես նպատակ ունի գիտությունը զարգացնել, ապա Բրյուսովի պես կայացած կրթօջախներին պետք է աչքի լույսի պես նայի ու դեռ մի բան էլ լայնացնի ինքնավարումն ու շատացնի ֆինանսավորումը: Իսկ եթե նպատակ կա ուղղակի հաշվապահական կրճատումներ անել բյուջեյում, ապա կարող է դա անել իր միլիարդավոր պարգևավճարների հաշվին և հանգիստ թողնի կրթությունը: Չեք կարող օգնել, գոնե մի վնասեք: Սա յուղոտ անշարժ գույք չէ Թումանյանի վրա, սա կենդանի, զարգացող, պետությանը փայլուն մասնագետներ պարգևող առողջ օրգանիզմ է»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կառավարությունը մտադիր է միավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը։ Հոկտեմբերի 12-ին բուհի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են սկսել, կառավարությունից պահանջում են հրաժարվել նման որոշում կայացնելու մտքից: