2024 թվականին պետք է սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այնտեղ պարբերաբար աշխատանքներ, կապիտալ ծրագրեր իրականացնելու կարիք կա:

«Առաջարկում ենք երկու հիմնական աշխատանք իրականացնել, մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Մետրոպոլիտենի օդորակիչները 1980-ականներին են տեղադրվել ու չեն փոխվել, հաշվի առնելով մետրոյի ռազմավարական ու կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել։ Այս գնումները կկազմեն 480 միլիոն դրամ: Մյուսը կոչվում է սլաքային փոխադրիչներ, սրանք նույնպես նախատեսված են, ըստ պլանի, յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխել, բայց հիմա հետ ենք ընկել, վերջին անգամ 9 տարի առաջ է փոխվել, մոտ 19,4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված», – մանրամասնեց նախարարը:

Սանոսյանն ասաց, որ ևս 150 միլիոն դրամի գնումներ են իրականացնում մետրոյի համար՝ տարբեր դետալներ գնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրենց ռազմավարական նպատակը Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է:

«Մենք մրցույթ ենք հայտարարել մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցելու գործընթացի համար, նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ 2024 թվականին պետք է սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել