Վարժական հավաքները կդառնան 25-օրյա ու պարտադիր՝ բոլոր զինապարտների համար․ ՊՆ Սուրեն Պապիկյան

Կառավարությունը նախատեսում է պահեստազորի համար անցկացվող եռամսյա վարժական հավաքների ժամկետը կրճատել՝ հասցնելով 25 օրվա։ Այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ հնարավորություն կլինի կամավորության սկզբունքով նաև անցնել վարժական հավաքը այն իմաստով, երբ քաղաքացին ինքը կորոշի, թե տարվա ընթացքում որ ժամանակահատվածում կկարողանա ներկայանալ։

Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք և առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,-ասաց Պաշտպանության նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ պահեստազորի հետ կապված որոկաի խնդիրներ ունենք։

«Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ այդ գործը պատշաճ չէր արվել և մենք դրա հետևանքները տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Խնդիրն այն էր, որ շատ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել, հետո մենք այդ եռամսյա հավաքների քաղաքականությունը որդեգրեցինք։

Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են և այլն, որոնց հետ կապված խնդիր է լինում և մենք այդ ընթացքում որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով նաև լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, աշխատավարձ են ստանում, բայց հետագայում քննարկումենրով եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ, և որոշեցինք այն պետք է դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,-ասաց նա:

Նշվեց նաև, որ առաջիկայում կանանց համար ևս վարժական պատրաստություններ կկազմակերպվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել