Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ գյումրեցիներ, այսօր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել։
Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։
Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։
Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարեւոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը եւ անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։
Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել եւ աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ եւ վստահ քայլերով գնում ենք առաջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ եւ կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։
Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին եւ պարոն Սամսոնյանին՝ այս բարդ եւ պատասխանատու գործում։
Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետեւյալը.《Ուզում եմ նաեւ կարեւորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում եւ համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի եւ կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա》։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու եւ համատեղ աշխատանքի համար։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության եւ գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը եւ անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները եւ դրական գնահատելով արվածը, որը ուժ եւ վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։ Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Հավաստիացնում եմ, որ ես եւ իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը եւ ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը եւ պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս տուն-քաղաքն է»,- գրել է նա։