ԱԺ-ն ԿԸՀ անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին և Նունե Հովհաննիսյանին

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին եւ Նունե Հովհաննիսյանին:

Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշխատանքային գործունեության մասին բարձրաձայնել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արփինե Դավոյանը:

Դժվար է գնահատել ԿԸՀ դերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ժողովրդավարական սկզբունքների եւ արժեքների պահպանման գործում. նման կարծիք է հայտնել ԿԸՀ անդամի թեկնածու Աննա Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այս ինստիտուտն իր բովանդակությամբ եւ գործիքակազմով ՀՀ քաղաքացիների արտահայտած անբեկանելի կամքի արձանագրման ու ամրագրման առաջնային երաշխավորն է: Այս տեսանկյունից թեկնածուն կարեւորել է այն հանգամանքը, որ հանձնաժողովն առաջնորդվի բացառապես ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության շահով:

«ՀՀ համար այս վճռորոշ ժամանակաշրջանում ԿԸՀ-ն ժողորդավարության անխափան ընթացքի եւ ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք կենսագործունեությունն ապահովող առաջնային դերակատարն է»,- ասել է թեկնածուն:

Աննա Գրիգորյանն անդրադարձել է նախորդ տարի անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին, փաստել, որ ԿԸՀ-ն լիովին ծառայում է եւ հավատարիմ է իր կոչմանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում՝ միտված հանրային իրազեկմանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ու ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացների գիտելիքների ձեւավորմանը:

Հաջորդ թեկնածու Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել է, որ 2006 թ. մշտապես համագործակցել է ԿԸՀ-ի հետ եւ հավաստիացրել, որ պատգամավորների վստահությանն արժանանալու դեպքում կկարողանա առավել արդյունավետ ու նպատակային գործել ու ապահովել հետադարձ կապը ԿԸՀ-ի եւ ստորադաս հանձնաժողովների միջեւ՝ զարգացնելով ընտրական վարչարարությունը եւ նվազագույնի հասցնելով հնարավոր բացթողումներն ու սխալները: Թեկնածուն կարեւորել է ոչ միայն ընտրական վարչարարությունը եւ ընտրական համակարգերի կայացվածությունը, այլ նաեւ՝ հանրային վստահությունը դրանց նկատմամբ:

Ընտրությունները ժողովրդավարության կարեւոր տարրերից են եւ ժողովրդավարության նախապայման են. ասել է ԿԸՀ անդամի մեկ այլ թեկնածու Նունե Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումներին՝ նշելով, որ դրանք կարեւոր ռազմավարական նշանակություն են ունեցել, քանի որ նպատակն է եղել ընտրությունները հասցնել ավելի բարձր մակարդակի:

Ըստ նրա՝ Հայաստանում միջազգայնորեն ամրագրված ընթացակարգային երաշխիքներն ապահովում եւ իրացվում են: Թեկնածուն խոսել է ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված աշխատանքների, ընտրությունից ընտրություն օրենսդրական փոփոխությունների իրականացման, հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ լրացուցիչ քայլերի անհրաժեշտության մասին:

«Ինչպես ցանկացած ոլորտ, այնպես էլ ընտրական գործընթացները միշտ ունեն բարելավման, կատարելագործման եւ նորացման անհրաժեշտություն»,- ընդգծել է Նունե Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել