Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին

«Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները»,- ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում:

Հոկտեմբերի 3-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ զինծառայողների սպանության՝ սոցիալական ցանցերում շրջանառված տեսանյութը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել