Հրաման տվող Նիկոլ Փաշինյանը և հրամանը կատարող Վահե Ղազարյանը պետք է ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից․ պատգամավոր

Այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն ամոթալի է և անթույլատրելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր։

Անկախ ամեն ինչից` պետք է հարգել հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողների վիշտը, ինչպես նաև` նրանց գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն իշխանության համար տհաճ։

Գուցե հայրենիքի պաշտպանների ծնողներն իրենց ցասումն արտահայտելու տարբեր ձևեր ընտրեն, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել նրանց, մեծարել ու մշտապես խոնարհվել:

Անթույլատրելի է ծնողներին բաժանել մերոնք-ձերոնքի. իշխանությունն ըստ երևույթին առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. այն ծնողները, ովքեր Աննա Հակոբյանի հրավերն ընդունում են եւ մասնակցում միջոցառումներին, նրանք լավն են, իսկ ովքեր էլ պահանջատիրություն են դրսևորում, բարկություն ու ցասում են արտահայտում, նրանց արժանապատվությունը նսեմացնելով` բերման են ենթարկում:

Հրատապ պետք է հրաման տվող Նիկոլ Փաշինյանը եւ կատարող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել