Կենսաթոշակառուներին գումարներն ամսի 1-ին տալը բավականին բարդ խնդիր է. Արմեն Աբրահամյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը օգոստոս ամսվա կենսաթոշակները օգոստոսի 5-ին տալը հանցագործություն չի համարում:

«Օրենքը թույլ է տալիս մինչև ամսվա 20-ը տվյալ ամսվա թոշակը տալ: Մենք այս ամսվա թոշակը տվել ենք օգոստոսի 5-ին, անցյալ ամսվանը` 4-ին: Բայց քանի որ ունենք մեղմ ասած մի քիչ անբարեխիղճ աշխատակիցներ, որոնց աշխատանքի արդյունքում որոշ մարդիկ ցուցակներից դուրս են մնացել: Այդ առումով խնդիր կա»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը:

Նրա խոսքով` կենսաթոշակառուներին գումարները հենց ամսի 1-ին տալը բավականին բարդ խնդիր է` կապված հարակից տեղեկատվության ստուգման հետ. իր իրավունքն իրացնելու համար ամեն ամիս ծառայություն է դիմում մոտավորապես 20.000-22.000 քաղաքացի:

«Ամեն ամիս 3000 նոր քաղաքացու նշանակում ենք թոշակ, ամեն ամիս 6000 քաղաքացի գալիս է ասելու, որ ինքն աշխատել է և պետք է մեկ տարվա թոշակ վերահաշվարկել: Այդ տեղեկությունները ճշտելու կարիք ունեն: Տեղեկությունները ճշտելու գործն անընդհատ է: Այսօր առկա տեղեկատվությունը ճշտել ենք, սակայն օգոստոս ամսին մեզ դիմելու է 22.000 քաղաքացի: Մենք պետք է ճշտենք նրանց ներկայացրած տվյալները և որոշում կայացնենք»,- ասաց Արմեն Աբրահամյանն ու հավելեց. «Մեր գործընկերները` մասնավորապես «Հայփոստից» և մեր աշխատակիցներից որոշները մեկ-մեկ հայտարարություններ են անում, որը կարծիք է ձևավորում, թե մենք շատ լուրջ ուշացումներ, ցուցակներում խնդիրներ ունենք: Մենք ունենք ակտիվ մոտ 500.000 թոշակառու, կարելի է խոսել 1 տոկոսի մասին, որոնք խնդիրներ ունեն հարակից համակարգերից ներմուծվող տեղեկատվության հետ կապված»:

Նոր տեղեկատվական համակարգի ներդրման արդյունքում 2010 և 2011 թվականների ընթացքում 10-ական միլիարդ դրամի խնայողություն է արվել: Այսինքն` հասցեականությունն ապահովվելու արդյունքում գումարներն անուղղակիորեն չեն ծախսվել, դրանք չեն վճարվել, քանի որ այդ քաղաքացիները կամ չեն գտնվել Հայաստանում կամ թոշակ ստանալու իրավունքը կորցրած են եղել:

Արմեն Աբրահամյանի խոսքով` 1998 թվականին ծառայության համար նախագծված տեղեկատվական համակարգը 51 տեղ տեղեկատվություն էր հավաքում, և անմիջապես հնարավոր չէր որոշում կայացնել` տվյալ քաղաքացին այլ տեղ թոշակ ստանում է, թե` ոչ:

«Այդ համակարգը բավականին լուրջ չարաշահումների հնարավորություն էր տալիս: Հիմա բավականին քչացել է»,- կարծում է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը:

Նա նաև նշեց, որ իրենց աշխատանքի արդյունքում էր, որ 2011 թվականի փետրվար ամսվանից սկսած կենսաթոշակառուներն առաջին շաբաթվա մեջ են գումար ստանում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել