«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք պատասխանատվություն չեն կրել։
Մեր համոզմամբ՝ այս փոփոխությունների նպատակն իրականում բանակի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է, որի արդյունքում բանակը չի կարողանալու լինել քաղաքականապես չեզոք և հանրային վերահսկողության տակ գտնվող մարմնի կարգավիճակում։ Եվ ըստ այդմ, դրա արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ է դրված։
Իսկ այժմ ներկայացվել է մի նոր նախագիծ, որով փողի դիմաց ժամկետային զինծառայողները կարող են ազատվել ծառայությունից։
Սա սահմանադրական իրավունքի, կյանքի իրավունքի և սոցիալական արդարության ոտնահարում է, և այն խորացնելու է երկրում սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը։
Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացումը։
Սա հանգեցնելու է նրան, որ մեր երկրում կյանքի արժեքը և իրավունքը բոլորի համար չէ, և դրա իրավունք ունի միայն հարուստը, իսկ աղքատը պետք է մեռնի հարուստի համար։
Սա հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից, այլ նաև անարդարության մթնոլորտից։
Երկարաժամկետ կտրվածքում առաջանալու է, որոշակի պրոֆեսիոնալ զինվորական մաս, որը կտրված լինելով ժողովրդական վերահսկողությունից, հիմք է դնելու ռազմական հեղաշրջումների և տարատեսակ, կասկածելի քաղաքական վերահսկումների։
Քաղաքացու Որոշում կուսակցությունը դեմ է արտահայտվում այս նախագծին։
Մենք գտնում ենք, որ Քաղաքացու Որոշում կուսակցության կողմից մինչ այդ առաջարկված ժողովրդական բանակի ձևավորման սկզբունքները, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ու բնակավայր պետք է պատրաստ լինի և կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը, լավագույնս են արտահայտում մեր երկրի անվտանգության շահերը»,-նշվում է հայտարարության մեջ։