Թուրքիան վճռական է շարունակելու միջնորդական ջանքերն ու քայլերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առցանց ձևաչափով ելույթ ունենալով Ղրիմի հարթակի գագաթնաժողովում։
Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է, ասել է Էրդողանը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը, այդ քայլը համարում է անօրինական, ինչի մասին ինքը բացահայտ հայտարարում է իրադարձությունների առաջին իսկ օրվանից, գրում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը Թուրքիայի առաջնահերթություններից է համարել Ղրիմի թաթարների իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ուկրաինական պատերազմի թեմային, որը շարունակվում է այս տարվա փետրվարի 24-ից։
Նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս արդար խաղաղության օգտին՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։