Հաճախ են պատահում, որ մեկը մյուսից պարտքով գումար է վերցնում:
Նման դեպքերում անձանց միջև առաջանում են պարտավորական իրավահարաբերություններ:
Իսկ ի՞նչ է պարտավորությունը:
Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Իսկ ի՞նչ անել, եթե պարտապանը մահացել է, մի՞թե գումարը, որը Դուք տվել եք, այլևս չեք կարող վերադարձնել:
Պատասխանելով հարցին՝ նշենք, որ պարտապանի մահից հետո նրա ողջ գույքը անցնում է նրա ժառանգներին:
Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները, ինչպես նաև պարտականությունները:
Ժառանգը կամ ժառանգները, ովքեր ընդունում են ժառանգատուի ժառանգությունը, ընդունում են ինչպես ժառանգատուին պատկանող իրավունքները, այլև պարտականությունները, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 2-րդ կետի՝ ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:
Հետևապես, ժառանգը չի կարող ընդունել ժառանգատուի միայն իրավունքները, դրանք ընդունելով՝ նա ընդունում է նաև պարտականությունները:
Այսպիսով, եթե պարտապանը մահացել է, ապա պետք է ճշտել, թե ով է ընդունել վերջինիս ժառանգությունը, ապա պահանջել պարտավորության կատարում նշված ժառանգից (ժառանգներից):
Ծանոթություն. Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատու ի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով: