Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի, ռուս խաղաղապահների աշխատանքի, դրա վերաբերյալ մտահոգությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ նախ անդրադարձավ Արցախում տիրող սահմանային լարված իրավիճակին։ Նա մի շարք հայտարարություններով հանդես եկավ։

Փաշինյանը խոսեց հանրության կողմից ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ ունեցած մտահոգությունների, Ադրբեջանի սադրանքների, ստանձնած պարտավորությունների, Լաչինի միջանցքի, Հայաստանի տարածքով ադրբեջանական կողմի երթևեկի հնարավորության մասին։

«Կա 3 հստակ արձանագրված իրողություն, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը․ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, շփման գիծ գոյություն ունի, Հայաստանի և Լեռնային Ղարաբայղի միջև պետք է լինի երաշխավորված կապ՝ Լաչինի միջանցքով, որը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկության ներքո։

Այս 3 իրողությունները պետք է պաշտպանվեն։ Հիմա Ադրբեջանի նպատակն է, այսինքն էսկալացիան ինչ նպատակ ունի՝ այս 3 իրողությունները վերացնել, բայց 3 իրողությունները հնարավոր չէ վերացնել, որովհետև Ադրբեջանի նախագահի, այդ թվում, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությամբ է դա արձանագրված։ Սա ըստ էության միջազգային պարտավորություն է՝ ստանձնված ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից։ Այս իրողություններով մենք պետք է առաջնորդվենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմեց նաև ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ ղեկավարներին՝ հրապարակային հայտարարելով՝ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված հնարավորությունը՝ նաև Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Սիսիանի հատվածում․ «Թող ադրբեջանցիները ասեն որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրեսնդրության սահմանված կարգով՝ անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և իհարկե երթևեկության անվտանգության ապահովում, որը մեր ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք, որևէ կասկած մենք դրանում չունենք»։

Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման։

«Ադրբեջանն այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ։ Այո, մենք ստանձնել ենք պարտավորություններ և մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք, բոլոր պարտավորությունները։

Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները․

1․ Ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը,

2․ Պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը,

3․ Պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային ղարաբաղի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է։

Ինքն ասում է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել, այո, ստանձնել ենք և կատարել ենք, Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարթել, եթե ոչ՝ ուրեմն մենք պետք է մեր օրակագրում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործակումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

————————

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել