Հուլիսի 24-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աքորի գյուղի մի խումբ բնակիչներ գյուղի վարչական տարածքում հացկերույթի են եղել, ինչից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով գյուղ վերադառնալու ճանապարհին ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորների միջև վեճ է սկսվել, հայհոյել և վիրավորել են իրար: «ՎԱԶ-2106»-ի վարորդը զայրանալով՝ սկսել է վարել ավելի արագ, ինչի պատճառով մեքենան սկսել է պտտվել և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է գազատար խողովակին, այդ ընթացքում էլ 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներ է ստացել:
Կատարված ստուգումներով պարզվել է, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ոչ միայն մեքենան վարել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, այլև չունի վարորդական իրավունքի վկայական:
Պարզվել է նաև, որ դեպքից հետո՝ հուլիսի 25-ի երեկոյան, վիճաբանություն հրահրողները գնացել են 36-ամյա կնոջ տուն, անհիմն վիճել են նրա հետ՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 36-ամյա կինը հուլիսի 27-ին ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ դեպքի վերաբերյալ նրանից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: